Փարվանա (բալլադ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարվանա (այլ կիրառումներ)
Փարվանա | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1902 |
Թվային տարբերակ | toumanian.am/toumanian/html/stegts/poem_legend/parvana.html |
Փարվանա, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադի հիմքը ժողովրդական է։ Սյուժեն Թումանյանը լսել է Ներսիսյան դպրոցում, իր ընկեր, հետագայում` մանկավարժ և լեզվաբան Գրիգոր Վանցյանից։ «Գրիգորն է լսել Ախալքալաք,—գրում է բանաստեղծը Թումանյանի Ընտանիքի Արխիվի համար 3 ծոցատետրում։ —Փարվանա (կրակի թիթեռ)։ Թագավորը մի աղջիկ է ունենում, ասում է` ով որ կրակ բերի, նրան կտամ։ Գալիս է կրակի շուրջը պտտվում, որ կրակ տանի և միշտ ընկնում է մեջն այրվում»Թումանյան.[1]: Երբ Թումանյանը լսել է ընկերոջ պատմությունը, այցելել է Փարվանա լիճը, այցելել է նաև նրա մոտակա գյուղերը, և ենթադրվում է, որ նույն ավանդությունը նա լսել է նաև ուրիշներից։ Բալլադի ստեղծման վերաբերյալ հուշեր է թողել նաև Ավետիք Իսահակյանը[2]։
Բալլադը գրվել է 1902 թվականին, Աբասթումանում։ Այդ մասին հեղինակը պատմում է 1909 թվականի հուլիսի 18-ին Մարիամ Թումանյանին գրված նամակում։
Ինքնագիրը մեզ չի հասել։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում են Թիֆլիսում և Բաքվում լույս տեղած բանաստեղծությունների ժողովածուների` հեղինակին պատկանող օրինակները, որոնց մեջ Թումանյանը փոփոխություններ է կատարել և լուսանցքում արել «Մի քիչ ավելացնել ու զարգացնել», «Իմ հերն էլ շատ ունի-մեր երկնքում էլ աստղեր կան», «Ավելացնել զարգացնել իր իդեալը», «Աղջկանը ավելի շատ տեղ տա» նշումները[2]։
«Լեգենդ» ենթավերնագրով առաջին անգամ 1903 թվականին տպագրվել է «Մուրճ» ամսագրի 1-ին համարի 33-38 էջերում։ Տողատակին եղել է հետևյալ ծանոթագրությունը. «Փարվանա լիճը գտնվում է Ախալքալաքից 20 վ. հյուսիս-արևելք։ Փարվանա են կոչվում և՛ այն թիթեռները, որ թրթռում են ճրագի շուրջը»։ Հետագայում տպագրվել է Թիֆլիսում լույս ընծայված բանաստեղծությունների ժողովածուի 70-76 էջերում, Թիֆլիսի Լեգենդներ ժողովածուի 23-29 էջերում, Բաքվում լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի 89-95 էջերում, Հայ գրողներ քրեստոմատիայի 95-100 էջերում, Սուրխաթյանի «Գրական Գոհարներ» քրեստոմատիայի 322-327 էջերում, Կ. Պոլսում լույս ընծայված բանաստեղծությունների ժողովածուի 91-97 էջերում, ապա` Երկերի Ժողովվածուի առաջին հատորի 292-296 էջերում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փարվանա արքան մի աղջիկ ուներ», չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ։ Նրա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին՝ մրցությամբ իրենց ուժն ու շնորքը փորձելու աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի, թե նրանցից ով կարող է արժանի լինել իր աղջկա սիրուն։ Աղջիկը, սակայն, ճարպկության մրցությունն էլ չի համարում ճիշտ միջոց իրեն անկեղծորեն սիրող երիտասարդ գտնելու, ընտրելու համար։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»։ Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա կողակցից նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։
Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 179-186։